Մայիսի 18-ին Մարտակերտ քաղաքում մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է բազմամարդ հավաք, որի նպատակը Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանն աջակցությունն հայտնելն էր, ինչպես նաև իրենց մտահոգությունները համաքաղաքացիներին, պատգամավորներին և շրջանի պատասխանատու անձանց փոխանցելը։
Հավաքի մասնակից քաղաքացիների մտահոգությունը մայր Հայաստանում և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին։
Մտահոգ քաղաքացիների հուզող հարցերին պատասխանելու համար նախաձեռնող խմբի հրավերով Մարտակերտ էին ժամանել ԱՀ ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ներկայացնող պատգամավորները։
Նախքան հավաքի մեկնարկը՝ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Մարտակերտի հուշահամալիրում։
Հանրահավաքին ներկա էր նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, ՀՅԴ Արցախի Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը։
Կազմակերպիչներից ելույթով հանդես եկավ Սոնա Ադամյանը, որը ողջունեց ԱՀ ԱԺ պատգամավորների ներկայությունը կազմակերպված հավաքին և աջակցություն հայտնեց «Դիմադրություն» շարժմանը։
«Մեր աջակցությունը հայտնենք մեր այն հայրենակիցներին, որոնք օրեր շարունակ, թողնելով իրենց ընտանեկան նիստն ու կացը, ամեն ինչ թողնելով, ժամերով քայլում են, որպեսզի կարողանան օր առաջ ինչ-որ մի բան փոփոխել մեր հայրենիքում՝ դեպի լավը»,- ասաց նա։
Ադամյանի խոսքով՝ այստեղ ներկա գտնվողները եկել են ասելու, որ ուզում են հայ մնալ, իսկ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
Այնուհետև ելույթներով հանդես եկան բոլոր 5 խմբակցությունների ներկայացուցիչները՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությանը՝ պարզաբանելով, որ այդ հայտարարությամբ Արցախը ևս միացել է«Դիմադրություն» շարժմանը։
Ներկաների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց ԱՀ ԱԺ խմբակցությունների միասնականությունը Արցախի և հայ ժողովրդի համար վճռորոշ հարցերում։ Նրանք պարզել էին պաստառներ՝ «Կեցցե միանսականությունը», «Զարթնի՛ր, լաո», «Արցախ ոտքի», «Հայ պիտի մնանք» գրություններով, ինչպես նաև հնչեցրել «Միացում, պայքար, հաղթանակ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, Արցախ, Սփյուռք» կարգախոսները։
Հավաքն ավարտվեց մասնակիցների միասնական «Զարթնի՛ր, լաո» երգեցողությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը