Այն, ինչն այսօր կատարվեց դա բռնության պատվեր էր, պատվիրատուն գիտենք ով է․ Վահե Հակոբյան
«Այն, ինչ այսօր կատարվեց, բռնության պատվեր էր։ Բոլորս էլ գիտենք, թե ով է պատվիրատուն»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստկանության պահելաոճի ու գործողությունների մասին։
Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվեց պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արեգնազ Մանուկյանի, իր նկատմամբ, օրենքի կոպտագույն խախտում է և ոստիկանության առանձին ներկայացուցիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
«Դա անխուսափելի է։ Իրենց էլ եմ ասել շարքի առաջ՝ իրենք չեն փախնելու, բոլորը ֆիքսված են, շատ մոտ ապագայում բոլորը պատասխան են տալու օրենքի առջև։ Ցավոք, իրենց մեջ կան մարդիկ, ովքեր այդ պատվերները կատարում են։ Այդ մարդիկ չեն հարգում առաջին հերթին իրենց ուսադիրները, այս երկիրն ու այն օրենքները, որոնք գործում են այս երկրում և այն օրենքները, որոնք իրենք պետք է առաջինը պաշտպանեն։
Իրենք իրենց գործողություններում վնաս են տալիս առաջին հերթին իրենց, մեր երկրին ու մեր պետականությանը»,- ասաց Վահե Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը