Այս օրերին մեր պայքարին են միացել աշխարհի տարբեր գաղթօջախներում մեր հայրենակիցները․ Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ մեկ են։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերի խնդիրն է երթերի 4 խումբը դարձնել 8 ու վերցնել ամբողջ քաղաքը։
«Այս չարիքի կառավարությանը հեռացնելուց հետո Առանց Նիկոլ Հայաստանում լինելու է համերաշխություն, Առանց Նիկոլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրելու է անվտանգ, առանց Նիկոլ Հայաստանում արդեն ՀՀ քաղաքացին ապրելու է ազատ, բարեկեցիկ, գյուղացին այս օրերին չի մտածելու սերմնացուի, պարարտանյութի, բազմաթիվ հոգսերի մասին, մենք միասնաբար, կենտրոնացնելով մեր ողջ ժողովրդի ներուժը, բացառելով նախկինում տեղ գտած թերությունները և սխալները, համախմբվելու ենք, բռունցք դառնանք և կառուցենք ուժեղ, անվտանգ և հզոր Հայաստան։ Նիկոլով սա հնարավոր չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ գործի 60-70 տոկոսն իրականցված է։
Իշխան Սաղաթելյանը նշեց վաղվա ծրագրերը․
Ժամը 13։00-ին Վանաձորում լինելու է հանրահավաք։
Առավոտյան 9։30-ին Աշտարակի խճուղու վրա՝ Կարմիր խաչի շենքի ուղղությամբ, ավտոմեքենաները դրոշներով շարվելու են, որպեսզի Երևանից գնան Վանաձոր՝ հանրահավաքի։ Ցանկացողները կարող են միանալ իրենց ավտոմեքենաներով։
Զուգահեռ ժամը 12։00-ից Ֆրանսիայի հրապարակից բացառապես կանանց և աղջիկների երթ է մեկնարկելու Երևանի փողոցներով։
Երևանում 13։00-14։00 բոլոր ցանկացողները, մեքենաներում բարձր միացրած «Արցախն է կանչում» և «Զարթնի՛ր, լաո» երգերը, կշրջեն քաղաքում և տրամադրություն կստեղծեն։
Երեկոյան ժամը 18։00-20։00 Երևանի Ֆրանսիայի հրապարակում կլինի մշակութային ծրագիր։
Ժամը 20։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, հետո ավանդական երթը Երևանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը