03 05 2022

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը:


«Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա, ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը:


Նրա խոսքով՝ ուղեկցող ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես բարձրացնելու եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ