Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, և մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշել է, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։
Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․
«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։
Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։
«Ձեր տեսակետը կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», - ասել է Ռոբերտ Ղուկասյանը։
Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։
Դեսպանը ներկայացրել է նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Իրանական կողմը խոսել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին ևս ու տեղեկացրել, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։
Կողմերը խոսել են նաև հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։
Գևորգ Փարսյանը հայտնել է, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ է եղել նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը