«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հիշեցրել է, որ հարթակին մասնակցող արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Թեհրանում։
Դիվանագետը նաև մատնանշել է իրանական կողմի համար Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը։
«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստեց սահմանային հաղորդակցության բարելավմանը»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ «3+3» խմբի (ըստ էության՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ 5 երկրների (Հայաստան Ռուսաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա) արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Հինգ երկրների նախարարների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը