Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի կողմից և Visa վճարային համակարգի հետ իրականցվող «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը։
4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը ներկայացրեցին նորարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություններ բերել մարդու, հասարակության որևէ խմբի կյանքում կամ տնտեսության ոլորտում։
Մրցույթի հաղթող ճանաչվեց TakeAR թիմը, որը ծրագրի իրականացման համար ստացավ 3 մլն դրամ մրցանակ։
Լրագրողների հետ զրույցում հաղթողի թիմի անդամ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ իրենց նպատակը դպրոցական կրթությունը զարգացնելն է։
Որպես գաղափարի մեկնարկ, նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության մարդ-անատոմիա դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։
«Երկար ժամանակ է փնտրում էինք հնարավորություն որպեսզի իրականցնենք այս գաղափարը։ Հուսանք գաղափարը իրոք հաջողությամբ կպսակվի»,- ասաց մրցույթի հաղթող թիմի անդամը։
Հաղթող թիմից բացի, խրախուսական մրցանակ 100 հազար դրամ ստացան՝ World Without Waste, Տեսկա, Outvite, Հիպոկրատին հավատարիմ, THE LOVE FOR ECO GROWS խմբերը։
Մասնակիցները լրագրողների հետ զրույցում կարևորեցին նման մրցույթների անցկացումը և անկախ հաղթանակից սա համարում են հնարավորություն տեսական գիտելիքները գործնականի վերածելու։
«Նմանատիպ մրցույթները ցույց են տալիս, որ երիտասարդների գաղափարները տեղ ունեն և դրանով հետարքրքվողներ կան»,- նշեց մասնակիցներից մեկը։
Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ երիտասարդները հանրավորություն ունենան իրականացնելու իրենց ամենաանահավանական թվացող գաղափարները։
«Վերջին տարիների ընթացքում 10-ից ավել նախագծեր են իրականացրել երիտասարդների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով ոգևորել նրանց, տալ հնարավորություն՝ զարգացնելու իրենց ունակությունները»,- նշեց Մելքումյանը։
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանն էլ նշեց, որ այսպիսի ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդության ակտիվացմանը, երիտասարդության կրեատիվ միտքը զարգացնելուն և դեպի փոփոխություններն ուղղելուն, շատ կարևոր են մեր ապագայի և մեր ազգի համար։
Նկատենք, որ Ամերիաբանկը մրցույթը մեկնարկել էր 2021 թվականի դեկտեմբերին։ Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել էն տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը