12 04 2022

Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին

Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականն այսօր ԱԺ-ում վիրավորել է լրագրողներին։ 

Irakanum.am-ին պատմել են, որ Ալեքսանյանի օգնականներից մեկը անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին։

«Մենք տեղեկացանք, որ Ալեքսանյանի «անզուսպ» օգնականը, որը անվայելուչ խոսքերը հետը տանում է խորհրդարան հասարակական հիմունքներով է աշխատում, սակայն միջադեպի մասին ԱԺ ղեկավարությունը տեղյակ է և նրան հայտարարվել է բանավոր նախազգուշացում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Հարցին, թե միայն բանավոր զգուշացումով է բավարարվելու խորհրդարանի ղեկավարությունը, Խաչատրյանն ասաց, թե հիշյալ աշխատակիցը հասարակական հիմունքներով է աշխատում, հետևաբար խորհրդարանն այլ անելիք չունի»,- գրել է լրատվամիջոցը։

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ-ի այսօրվա տարածած հայտարարությանը, թե իբր լրագրող Վահե Մակարյանը սպառնացել է ՔՊ-ական պտագամավոր Վահագն Ալեքսանյանին․

««Սպառնալից հայտարարություն» Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցությունն այսօր, դիմելով «սիրելի հայրենակիցներին և լրագրողական համայնքի հարգելի ներկայացուցիչներին», մի հայտարարություն է տարածել իմ մասին, գուցե՝ իմ դեմ։ Հայտարարությունից տեղեկացա, որ «այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը», այսինքն՝ ես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել եմ սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։ Հիմա փորձում եմ հիշել, թե հատկապես ի՞նչ ձևով եմ ես սպառնացել այդ պատգամավորին։ Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանի ուսապարկ» չեմ անվանել, չնայած՝ համացանցում ու մամուլում շատերը նրան այդպես են կոչում՝ իր հայտնի ելույթից հետո։ Անգամ չեմ հիշեցրել, որ ժամանակին՝ ԲՀԿ երիտթևի անդամ եղած շջանում, հիացած է եղել Ռոբերտ Քոչարյանով, չեմ հիշեցրել, որ նա այն պատգամավորն էր, որն աքացիներով ու սեռական հայհոյանքներ տեղալով՝ հարձակվել էր ընդդիմության վրա՝ Նիկոլ Փաշինյանի իշմարով։ Մի կարճ «զրույց» ենք ունեցել ԱԺ միջանցքում, երբ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու վերաբերյալ փորձում էի մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանից, ինչին ինքը միջամտեց եւ հանկարծ իմանում եմ, որ գնացել «վերադասին» բողոքել է, թե՝ «հասեք, փրկեք, Վահե Մակարյանն ինձ վիրավորել ու սպառնացել է»։ Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս եմ «սպառնացել», որ մի ամբողջ խմբակցություն հայտարարություն է տարածել իմ համեստ անձի մասին։ Կարո՞ղ է «սպառնացել եմ», որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», թե՞ ձեռքիս միկրոֆոնն են զենքի նմանեցրել, կամ Արցախի ու Արցախի դրոշի թեմայով հարց տալն արդեն սպառնալիք են դիտարկում»,- գրել է Մակարյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ