05 04 2022

Որո՞նք են այն հիմնական սկզբունքները, որոնք առաջ են քաշում հանրահավաքի մասնակիցները



 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց հանրահավաքի հայտարարությունը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով.

- հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,

- բացառել  Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,

- բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,

- չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։

Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ