Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը։ Սա չափազանցություն չէ։ Մենք կանգնած ենք վերանալու շեմին։ Այդ շեմը որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմն է։ Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:
«Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը։ Մե՞զ։ Հայ ազգի՞ն։ ՈՉ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված, ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտքի տակի երկիր։ Այ այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Դա հաստատ։
Այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում։ Այս խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա․ այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան։ Այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։
Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը և աշխարհը պայքարել են։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չեն։ Պատմական փաստերի ու օրվա վիճակի մասին են։ Եթե կա Հայ մարդ, որը մտածում է՝ ամենավատն արդեն անցել է, արդեն տեսել ենք, ախր՝ ՈՉ, սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ մաս-մաս ջարդում ու զավթում է մեր դռները, տները։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Բայց չի կարելի հանձնվել դահճին։ Այո, ո՛չ պատերազմին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի։ Բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ։ Կարելի է պարտվել ու դասեր քաղել, բայց չի կարելի մի ամբողջ ազգի անունից վերածվել մուրացկանի։ Խաղաղություն մուրացողի։ Հայ ազգը նման մանդատ ՈՉ ՄԵԿԻ ՉԻ ՏՎԵԼ։
Մենք չենք առաջարկում այլընտրանք՝ ապրել կամ մեռնել։ Մենք առաջարկում ենք բոլորովին այլ, բացառապես ապրելու ընտրություն՝ ապրել ոչ թե նվաստացած, ինչպես ուզում են իշխանությունները այլ արժանապատվորեն, մեր Հայրենիքին տեր կանգնելով։ Մեզ վախեցնում են դրսից, մեզ վախեցնում, հետապնդում են ներսից, բայց պատմությունը դաժանորեն ապացուցել է՝այն ազգը, որն իր հույսը դնում է երկակի ստանդարտներով միջազգային հանրության վրա, սեփական ուժերով չի դիմադրում, չի պարտադրում, փոխարենը տրվում է վախերին, կորցնում է ու կորչուէ։
Գիտեք՝ կարելի է անվերջ խոսել նախկիններից, 30 տարվա սխալներից, մեղադրել, կալանավորել ու հետապնդել բոլորին, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Հասկացանք։ Բոլորը Ձեզ համար մեղավոր են։ Արցախը պահողներն ու ազատագրողները մեղավոր են։ Հա, հետո՞։ Հետո՛։ Լուծումը ո՞րն է, ստորանա՞լը, Արցախ չգնա՞լը։ Արցախը հանձնե՞լը։ Բա արցախցիները, որոնք այսօր, բացի ռուս խաղաղապահի աջակցության հույսից, ուրիշ օգնություն չեն տեսնում, որոնք Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի, անվտանգության երաշխավորի երեսը երկու տարի չեն տեսել։
Հետո Սյունիքից պահանջների հերթն է գալու։ Դա է՞լ եք ուզում խաղաղության համար հանձնե՞լ։ Դրանք կանգ չեն առնելու։ Գալու են Երևան՝ մինչև Սարյան ու Կասկադ, Սևանում չեն թողելու՝ ջուրը մտնենք։
Այս ելույթի ողբերգական հատվածն այն է, որ սա ասում եմ ոչ թե վախեցնելու համար, այլ սա է մեր ապագան։ Այս ապագան ԿԱ, ու այս իշխանությունը դա ամեն ձևով ուզում է ապահովել։
Բայց արդյո՞ք Հայ Ազգի ուզած ապագան սա էր։ Շատերն այսօր թերահավատ են՝ և՛ այս հանրահավաքի, և՛ ընդդիմության նկատմամբ։ Հաճախ տեղին քննադատում են։ Շատերը սպասում են ավելին, բայց սպասում են՝ հետևելով եթերին ու լրահոսին, այլ ոչ թե հենց հրապարակից։ Այս հանրավավաքը թմբիրից դուրս գալու մասին է, ճակատագրական զարգացումները կանխելու մասին է։
Ապրիլին մենք ունենք երկու հիշատակման օր՝ Ապրիլյան պատերազմի, հերոսական դիմակայության, հաղթանակի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը։ Ես հույս ունեմ, ես հավատում եմ, որ ապրիլը մեզ համար կլինի ևս մեկ էջ բացող՝ ամենածանր պահին միավորվելու, վերանալուց փրկվելու, զրոյից սկսելու և հայրենիքը պահելու էջ։ Իրական խաղաղություն պարտադրելու էջ։ Մենք հասել ենք այն կետին, որ նույնիսկ չենք կարող վախենալ հենց վախից։ Վախն իրականում ոչինչ է, երբ նժարին բոլորիս ապագան է։ Կա՛մ մենք կհրաժարվենք վախերի շարքից՝ պաշտպանելով մեր Արցախը, դիմադրելով թուրքացմանը, պաշտպանելով մեր արյունը, մեր երեխաներին, կա՛մ ԳԻՏԵՔ՝ ԿԱՄ ՉԿԱ։ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Պարզապես ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։
Սիրելի՛ ժողովուրդ, ուրեմն եկեք օրեցօր, կոնկրետ գործողությունից գործողություն, հանրահավաքից հանրահավաք մեր մասնակցությամբ ապացուցենք, որ այսպիսի օրակարգ մեր կողքին տեղ չունի, այսպիսի օրակարգ բանակցելու իրավունք ոչ մի իշխանություն չունի։ Պաշտպանելով մեր Արցախը՝ պաշտպանենք մեր Հայաստանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը