Yerkir.am-ը գրում է ․
Սիսիանի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցում գործադուլ եւ դասադուլ է․ ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտներն իրենց բողոքն են այդպես հայտնում, քանի որ ԿԳՄՍ նախարարությունից միտումնավոր տապալում է դպրոցի տնօրենի ընտրությունը, որպեսզի տնօրենի ժպ նշանակի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականին՝ Գայանե Յոլչյանին:
Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչը (չցանկացավ ներկայանալ) Yerkir.am-ին հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ է նախարարությունը տապալում տնօրենի ընտրությունը։ «Նախարարության ներկայացուցիչը ձայնի իրավունք չունի, բայց պարտադիր պիտի նիստին ներկա լինի։ Արդեն երկրորդ անգամ է՝ չի գալիս, որ տապալվի ընտրությունը: Այսօր պիտի կայանա երկրորդ մրցույթը, նախարարության ներկայացուցիչը, իր դիմումի համաձայն, հրաժարվել է ներկա լինել, նրան փոխել են: Հիմա մյուս ներկայացուցիչն էլ չի գալիս, որպեսզի երկրորդ անգամ էլ մրցույթը տապալվի: Չգիտենք՝ ում դիմենք, ինչ անենք: Նախարարություն ենք զանգել, ասում են՝ մենք ոչ մի բան չեն կարող անել: Այնքան են ձգձգում՝ մինչեւ ժամն անցնի, եւ մրցույթը չկայանա, իրենց ուզած ներկայացուցչին բերեն»,- Yerkir.am-ի թղթակցին ասաց ահազանգած ուսուցիչը:
Բոլորը դեմ են ՔՊ-ի թեկնածուին՝ ե՛ւ ծնողները, ե՛ւ երեխաները, ե՛ւ ուսուցիչները։ Ասում են՝ մեջամտող խնամի-ծանոթ-բարեկամը ՔՊ-ից սիսիանցի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանն է, որը որոշել է իր գործազուրկ բարեկամին գործի տեղավորել։ «Ուզում են այս դպրոցն էլ քաղաքականացնել։ Գայանե Յոլչյանը Բռնակոթ գյուղից չէ, դպրոցին ծանոթ չէ։ Նախկիում Աղիտուի միջնակարգ դպրոցի ուսմասվարն է եղել, այնքան վատ է աշխատել, հանել են գործից: Մեր դպրոցը քաղաքականությունից հեռու է, մենք զբաղվում ենք միայն ուսուցումով: Նախորդ մրցույթը որ տապալեցին, ուզում էինք բոյկոտել, պարզապես դպրոցի տնօրեն Գագիկ Բալասանյանը թույլ չտվեց, որ անախորժություն չլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Yerkir.am-ը զրուցեց նաեւ Գագիկ Բալասանյանի հետ՝ այսօրվա դասադուլից եւ գործադուլից մանրամասներ ճշտելու եւ դպրոցի տնօրենի ընտրության մասին տեղեկության իսկությունը պարզելու համար։
«Իմ լիազորություններն ավարտվում են մայիսի վերջին: Ըստ կարգի՝ 60 օր առաջ պետք է սկսվի տնօրենի պաշտոնի մրցութային փուլը: Ես իրավունք ունեմ մրցույթին մասնակցելու եւ մասնակցել եմ: Առաջին փուլը չկայացավ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցչի բացակայության պատճառով: Մանկավարժական կոլեկտիվը միտումնավորություն է տեսնում դրանում»,- հայտնեց նա:
Մեկնաբանելով դպրոցում մեկնարկած բողոքի ակցիան՝ Բալասանյանն ասաց, որ ինքն արգելել է։ «Ես այնպիսի մարդ չեմ, որ պաշտոնի համար երեխային կրթությունից զրկեմ: Ինձ համար հիմա անկառավարելի մթնոլորտ են ստեղծել, չեմ կարողանում այս պրոցեսը կանխել»,- նշեց նա:
Yerkir.am-ը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը հավուր պատշաճի չի իրականացնում մրցույթը եւ պատասխանատու անձի չի գործուղում դպրոց։ ԿԳՄՍՆ-ից խոստացան պարզել հանգամանքները, սակայն մինչ այս պահը գերատեսչությունից արձագանք չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը