Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել, տեղեկացնում է medialab.am-ը։
«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս․թ․ ապրիլի 20-ը»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 15-ին կարգադրություն էր ստորագրել։ Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 11 հոգանոց կազմով, 2022 թվականի մարտի 18-23-ը պետք է մասնակցեր վեհաժողովին։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ հաղորդագրությունը՝ գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է:
Ուշագրավ է, որ վեհաժողովի հիմնական օրակարգին՝ կլիմայի փոփոխությանը և փոփոխությունների դեմ համախմբված պայքարին, մասնակիցներից և որևէ մեկը մասնագիտական առնչություն չի ունեցել։ Պատվիրակության կազմում, բացի Ալեն Սիմոնյանից, երկու պատգամավորներ են՝ Ծովինար Վարդանյանը (մասնագիտությամբ՝ տնտեսագետ) և Հասմիկ Հակոբյանը (մասնագիտությամբ՝ լրագրող, սցենարիստ): Վերջինը, ի դեպ, դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականն էր:
Պատվիրակության մնացած 9 անդամները ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ են՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, որը գրեթե բոլոր արտերկրյա ուղևորություններին ներկա է, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։
ՀՀ բյուջեից Բալի ուղևորության ֆինանսական ծախսերի մասին հարցերից զատ, «Մեդիալաբի» հարցումը նպատակ ուներ նաև հստակություն մտցնել պատվիրակության կազմի հաստատման սկզբունքների, վեհաժողովին ՀՀ-ի մասնակցության անհրաժեշտության ու այլնի մասին, որոնց համար առավելագույն ժամանակն է պահանջվել։
Սակայն, հաշվի առնելով գործուղման շուրջ բարձրացած մեծ աղմուկը, ԱԺ-ն բավականին ակտիվորեն հաղորդագրություններ էր տարածում Բալիում ընթացող վեհաժողովի և Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցության մասին՝ հրապարակելով տարբեր լուսանկարներ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ նրա ձեռքսեղմումների, ժպիտների փոխանակման մասին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը