28 03 2022

Գազամատակարարումը վերականգնելու համար Արցախի անունից ոչ ոք ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել․ հերքում

Գազամատակարարումը վերականգնելու համար Արցախի անունից ոչ ոք ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել․ հերքում

Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հերքել է մամուլի հրապարակումն, ըստ որի Արցախում գազամատակարարումը վերականգնելու դիմաց ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց։

«Ներքին համերաշխությունն ու միասնությունն ապահովելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հորդորներն ու խնդրանքներն անգամ բավարար չեն ոմանց նեղ անձնական ու քաղաքական նկրտումները գոնե ժամանակավոր զսպելու համար, քանզի Արցախի Հանրապետության կյանքի այս լարված ու պատասխանատու փուլում շարունակվում են կեղծ տեղեկություններով Արցախի Հանրապետությանը վնասելու փորձերը:

Մասնավորապես, 27.03.2022թ. «oragir.news» լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի և գազամատակարարումը վերականգնելու դիմաց համաձայնել են ադրբեջանական առաջարկին՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց՝ մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Վերոգրյալը ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություն է. փոխզիջումային տարբերակով գազամատակարարումը վերականգնելու շուրջ Արցախի Հանրապետության անունից երբևէ որևէ մեկը ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել, առավել ևս՝ ԱՀ նախագահը: Ավելին, Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը մեր կողմից մշտապես ներկայացվել է որպես հումանիտար խնդիր, որը պետք է լուծվի բացառապես այդ տիրույթում, իսկ ռուս խաղաղապահների հետ քննարկումներում մեր կողմից շեշտվել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ հրաժարվել գազօգտագործումից, բայց երբեք թույլ չի տա Ադրբեջանին այն ծառայեցնել որպես Արցախի բնակչությանը ճնշելու և ահաբեկելու գործիք:

Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը գազամատակարարման հարցը նույնպես իրավացիորեն դիտարկել է հումանիտար խնդիրների շարքում՝ հորդորելով Ադրբեջանին զերծ մնալ նման վարքագծից ու վերացնել դիտավորյալ խոչընդոտները, ինչպիսի ճնշումներին ու հորդորներին Ադրբեջանը երկար դիմադրել չէր կարող: Դրանով են պայմանավորված նաև վերջին օրերին գազի հարցով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները և մեր կողմից ճնշումներին դիմակայելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է «oragir.news»-ի կեղծ հրապարակմանը, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած ներկա պահին առկա ծանրաբեռնվածությանը, չի բացառում իր դեմ ակնհայտ զրպարտություն տարածելու հիմքով դատարան դիմելու հնարավորությունը: Նախագահը մշտապես փորձել էր զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ ձգտելով առավելապես իր վրա վերցնել համերաշխության պահպանման բեռը, սակայն իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելն այլևս անհրաժեշտություն է:

Հերթական անգամ խնդրում և պահանջում ենք բոլորին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելով հանրությունը պառակտելու և ներքին թշնամանք հրահրելու ցանկացած փորձից»,- նշված է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ