18 03 2022

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 11 հայ է զոհվել` տեղի հայկական կառույցների տվյալներով

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 11 հայ է զոհվել` տեղի հայկական կառույցների տվյալներով

Ուկրաինայում, տեղի հայկական կառույցների տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ երեկ Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ նրանց սնունդ և դեղորայք հասցնելով։

Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։

 «7-ը խաղաղ բնակիչներ են` ազգությունով հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - Ազատությանը հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350 հազար էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթների ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է` փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։

Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու. «Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ