Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը:
Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում, ինչպես նաև երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։
«Նպատակային ծրագրերը երեքն են.
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին,
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
Այս նպատակային ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 մլն դրամ, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 շահառուի, և երեխայի ծննդյան աջակցության համար՝ 300 շահառուի»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը