30 03 2020

Քաղաքացիները ցանկանում են, բայց գործատուն չի գրանցում․ Բաթոյանը հակադարձեց Փաշինյանին

Քաղաքացիները ցանկանում են, բայց գործատուն չի գրանցում․ Բաթոյանը հակադարձեց Փաշինյանին

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ընդունեց հակաճգնաժամային ևս 3 փաթեթ, որոնք ունեին սոցիալական աջակցության նպատակ։

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ ստվերային աշխատատեղերի խնդրին և նշեց, որ վիճակը սրվում է, և դա ըստ էության անհնար է դարձնում կառավարության կողմից այդ անձանց նույնականացնելը և աջակցություն տրամադրելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այն անձինք, որոնք տվյալ ոլորտներում աշխատում են, բայց գրանցված չեն որպես վարձու աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից: Մենք չունենք գործիք նրանց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել:  Եթե նույնիսկ մեկը գա ասի, որ ինքն աշխատել է, մենք ոնց կարող ենք համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս դեպքում շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր: Դա քաղաքացու համար կարևոր է լինելու նաև կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետև վճարած եկամտային հարկի չափով է նաև որոշվելու ապագա թոշակի չափը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այդ խնդրի լուծումը միայն քաղաքացուց չի կախված. «Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն գրանցվելու, բայց գործատուն չի գրանցում»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ այստեղ ստվերում է ոչ միայն աշխատողների թիվը, այլև վարձատրության չափը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այդպիսի աշխատողները կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, բայց դա չի արձանագրվել. «Եվ եթե քննության արդյունքներով պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի այդ քաղաքացիներին ինչ-որ ձևով ներառել ծրագրերում: Վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք դեռ չգիտենք, թե ինչքան է դեռ մնացել ստվերում: Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ը դրանով զբաղվի, նաև քաղաքացիները: Գուցե գործատուներն էլ ինքնախոստովանության նման պրոցես անցնեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ