25 03 2020

ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի. վարչապետ

ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի. վարչապետ

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը՝ դիմելով վարչապետին։

«Մենք ունենք 626,000 վարձու աշխատող, 203,000-ը պետական համակարգում, մնաց 430,000։ Վերջերս շատ ենք խոսում և շատ տեղին է օրավարձով աշխատող մարդկանց մասին, հիմա հասցեականությանը որևէ մեկը դեմ չէ, բայց նրանց նույնականացումը ինչպես է լինելու, եթե նպաստառուների համակարգում չկան և տան միակ աշխատողն են»։

«Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող, հիմա բոլոր այս պայմաններում ովքեր գրանցված են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում և մենք իրենց կարողանում ենք գտնել։ Օրավարձով աշխատող ընդհանրապես ստվերում ապրող քաղաքացիները, երբ որ լավ էր ամեն ինչ, իրենք ասել են, որ թքած ունենք այդ օրենքի վրա, Կառավարության կոչերի, կարգավորումների վրա, և իրենք նույնականացման պրոբլեմ ունենալու են: Բայց մենք համարում ենք, որ մեր քաղաքացիներն են և պարտավոր ենք նրանց աջակցելու համար անել քայլեր, բա ո՞նց պարզենք իրենց, չենք կարող պարզել»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ դրա համար իրենց կանխավարկածն այն է, որ իրենք սոցիալապես որոշակի ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն իրենք տվյալների բազայում որևէ տեղ պետք է արտացոլված լինեն, դրանցից մեկը Փարոս համակարգն է, նրանք, ովքեր գրանցված են Փարոսում և ովքեր չորս, վեց ամիս առաջ դիմել են ընդգրկվելու համար, և նրանք, ովքեր որպես գործազուրկ են գրանցված: «Մենք այսօր պատրաստ ենք իրենց օգնելու, ինչպես մյուսներին, բայց մենք այսօր իրենց գտնելու խնդիր ունենք: Եթե ինքը հայտարարի, որ ինքն աշախատել է, ինքը չի կարող ապացուցել»,-նշեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ