«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝
Պարտապանի աշխատավարձի եւ այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝
• պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
• կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,
• մինչեւ 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:
Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝
Պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:
Օրենքը նախատեսել է բացառություն հետեւյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝
• բռնագանձվում է ալիմենտ,
• հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասը,
• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:
Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը