Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«132,381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ բացի նպաստից:
Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով:
Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ անձը անապահով է և կարող է ձեռք բերել նպաստի իրավունք, կկայացվի համապատասխան որոշում վեց ամիս ժամկետով:
Վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ աշխատանք գտնելու ուղղությամբ՝ ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ:
Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքը այլևս չի գործի:
Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը ևս վեց ամիս եկամուտը հաշվի չի առնվի:
Ընդհանուր առմամբ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն և նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները՝ հաշվի առնելով որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք:
Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը