05 09 2019

Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենին

Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները եւ համապատասխան լուծում տալ դրանց:

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաեւ այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը):

«Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և «Հայփոստ» ՓԲ ընկերության միջեւ կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման» պայմանագրի դրույթները եւ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պատշաճ իրացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ խնդրում եմ գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին եւ պատշաճ կերպով վճարելու համար»,- ասված է նախարարի գրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ