01 05 2019

Մարդիկ աշխատում են, բայց աղքատ են․ գնահատական

Մարդիկ աշխատում են, բայց աղքատ են․ գնահատական

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ տարում իշխանափոխությունից հետո աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը եթե չի անտեսվել, ապա առնվազն երկրորդ պլան է մղվել, ինչը երեւում է նաեւ կառավարության ծրագրում, որտեղ բավականչափ ձեւակերպումներ չկան առկա խնդիրներին մասին։

Թադևոս Առաքելյանի խոսքով՝ սոցիալական պետությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ է ապահովված, պետք է կարևոր դերակատարում ունենա այս դաշտում իրավունքների ու պարտականությունների կշռման իմաստով։

Ըստ բանախոսի՝ տեսչական բարեփոխումների գործընթացների ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը  էապես նվազել է եւ պետությունը կարծեք իր ձեռքերը լվացել է։ Կառավարության ներքո գործող Աշխատանքի եւ առողջապահության պետական տեսչությունը, որը կոչված է աշխատանքային իրավունքների կատարման նկատմամաբ պետական վերահսկողություն իրականացնել, չունի գործառույթների բավարար շրջանակ, եւ նրա վերահսկողությունից դուրս են մնում մի շարք ոլորտներ։

Նա նշեց, որ Հայաստանն անկախացումից ի վեր միջազգային մի շարք պարտավորություններ է ստորագրել, բայց դրանց մեծ մասը, ցավոք, չի իրականացվել, ինչը փաստվում է հեղինակավոր կազմակերպությունների երաշխավորություններում ու զեկույցներում: Դրանք վերաբերում են աշխատավորի հանգստին, աշխատավարձին, աշխատանքային երաշխիքներին և այլն:

Անդրադառնալով  հարկային օրենսգրքում հարկման փոփոխությանը՝ Թադեւոսյանն ասաց, որ այն բարեփոխում է հարուստների համար և նման մեխանիզմները կիրառվում են լիբերալ հասարակություններում. «Մենք գնում ենք մի ճանապարհով, որը  չի բխում օբյեկտիվ իրականությունից։ Շատ քիչ երկրներ կան, որ այսօր կիրառում են համահարթ եկամտահարկ եւ սա ավելի  կխորացնի խնդիրները»։

Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի խնդրին՝ նա նշեց, որ այն փոփոխություն չի կրել, մինչդեռ ըստ վերջին ուսումնասիրությունների՝ կենսապահովման համար անհրաժեշտ գումարը կազմել է 60 հազար, ավելին՝ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ մարդիկ աշխատում են, բայց աղքատ են։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝  50 000 աշխատատեղի ավելացման մասին, Թադևոսյանն ասաց, որ միաժամանակ գործազուրկների թիվը պակասել է ընդամենը 4500-ով՝ 1,9 տոկոսով և սա հուսադրող չէ, ստվերի կրճատումը չի լուծում գործազրկությունը։

Նա ընդգծեց՝ այս ոլորտում առկա խնդիրները բոլորն էլ լուծելի են, միայն հստակ քաղաքական կամք եւ հետեւողականություն են պահանջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ