07 03 2019

«50 տարեկանները՝ այլևս երիտասարդ»․ փոփոխություններ՝ բնակարանային ծրագրում

«50 տարեկանները՝ այլևս երիտասարդ»․ փոփոխություններ՝ բնակարանային ծրագրում

Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետը՝ երկարաձգվել մինչև 30 տարի։ Նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով, ինչը նախկինում 9,5 տոկոս է եղել, բնակարան ձեռք բերել: 

Այս սահմանափակման վերացմանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: «Ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմանափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, այլև մինչև 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել 50, մյուսը՝ 20, և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը, կարծում եմ՝ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ»,- կատակով նշեց Փաշինյանը։

Վարչապետը հարցրեց. «Ի վերջո, սրանով «Վերածնունդ» ծրագրի խնդիրը լուծվե՞ց։ Լուծվել է, որի համար շատ ուրախ եմ»:

«Վերածնունդ» ծրագրի խնդիրը, սակայն, այս նախագծով չի լուծվում։ Այդ ծրագրի շահառուները չեն կարող օգտվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ անշարժ գույքի նվազագույնը 80%-ը կառուցված լինի, իսկ «Վերածնունդ» ավանի շինարարությունը նոր է սկսվում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ