07 12 2018

Աղետի գոտում 542 ընտանիքի բնակարանային խնդիր մինչև 2020 թվականի տարեվերջ լուծում կստանա. Ավետիք Էլոյան

Աղետի գոտում 542 ընտանիքի բնակարանային խնդիր մինչև 2020 թվականի տարեվերջ լուծում կստանա. Ավետիք Էլոյան

Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ներկայացրեց «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը:

Ըստ նրա՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել  5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:

Ավետիք Էլոյանը  նշեց, որ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Ըստ նրա՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը:

«Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն. դրամ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ