SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվի բաց նամակը։ Բաց նամակում, մասնավորապես, գրված է.
«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։ Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։
Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։ Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։ Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։
Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ», - գրված է վարչապետին ուղղված նամակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը