168.am-ը գրել է. «Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Համերաշխություն» հ/կ նախագահ Արմեն Ներսիսյանին մտահոգում են տոնավաճառների աշխատակիցների խնդիրները:
«Ասենք՝ այս շաբաթ ապրանք են ստանում, այնքան փաստաթղթերի ներքո պետք է գնան ստորագրեն, որ ասելու չէ: 9 տեսակի փաստաթուղթ, պատկերացնո՞ւմ եք: Վերջում նոր գնում, մաքսային մարմիններին ցույց են տալիս կատարած մուծումները և ստանում իրենց ապրանքը: Պատկերացրեք՝ Գորիսից եք, Եղեգնաձորից կամ էլ Գյումրիից, ու ամեն շաբաթ ապրանք ստանալու համար անպայման պետք է գաք, հասնեք Երևան, փաստաթղթային գործերն անեք, նոր ապրանքը վերցնեք: Մեկ օր արդեն կորցնում եք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ներսիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ խնդիր կա նաև ապրանքի գների հետ.
«ՆորՖոլկ Քոնսալթինգից» հետո մտածում էինք՝ գները կիջնեն, բայց հակառակը: Այո՛, ընդունում ենք, գումարը պետական բյուջե է գնում, ուրախ ենք դրա համար, բայց քաղաքացիների համար լավ չէ: Հունվարից մայիս ամիսներին, բոլորը գիտեն, որ Հայաստանում գործ չի լինում մինչև օգոստոսի 1-ը: Կարծում եմ, որ պետությունը պետք է մտածի արտադրողներին օժանդակելու մասին: Ավելի լավ է՝ հումքը բերեն մեր երկիր, որով քաղաքացին կաշխատի»,- նշել է Արմեն Ներսիսյանը:
Ինչ վերաբերում է տոնավաճառների, հատկապես՝ «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցների դժգոհություններին՝ կապված հանգստյան օրերի սակավության հետ, որն ամեն ամսվա 1-ին է, ու ղեկավարությունն անընդհատ խոստանում է վերանայել ու չի կատարում այն, Արմեն Ներսիսյանը նշեց, որ այդ գործով նույնպես զբաղվելու է.
«Հաճախ եմ ժողովներ անում տոնավաճառների աշխատակիցների հետ, նրանք բարձրաձայնում են խնդիրները: «Սուրմալու» առևտրի կենտրոնում, օրինակ, ամսվա մեջ երկու անգամ են հանգստյան օրերը: «Ռոսիայի» աշխատակիցները պետք է դիմեին ինձ, բայց, քանի որ տեղեկացա՝ արդեն կզբաղվեմ այդ հարցով»,- ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը