01 06 2018

Բազմաթիվ պաշտոնյաներ ուշացնում կամ չեն ներկայացնում ունեցվածքի հայտարարագիրը

Բազմաթիվ պաշտոնյաներ ուշացնում կամ չեն ներկայացնում ունեցվածքի հայտարարագիրը

Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ:

Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում:

Այս մասին հայտնում է հանձնաժողովը:

Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում: 

Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեի որոշ ծառայողների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու հարցի վերաբերյալ:

Արթուր Ղամբարյանը հանձնարարել է պարզել հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու պատճառները և միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ ժամկետների խախտումը բացառելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ուղարկվել՝ հայտարարագրերը սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցուցակը՝ հիշեցնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ