Այսուհետ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է: Համապատասխան օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում մարտի 20-ին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա ասաց, որ «Ելք» խմբակցությունը գրավոր առաջարկ է արել, որի համաձայն առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ: Առաջարկն ընդունվել է:
Կամո Արեյանն ասաց, որ առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում և ստանան հրավառություն անելու թույլտվություն: Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:
Կամո Արեյանը նշեց, որ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:
Նա նաև տեղեկացրեց, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու:
Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, և որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը