Մարտի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմում է 446 249, իսկ նպաստառուների թիվը՝ 62 915: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա՝ առաջիկա 7-8 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի, այս մասին են վկայում ժողովրդագրական տվյալները: «Միջինը 2500 հոգով այս թիվն առաջիկա 7 տարիներին աճելու միտում ունի: Տարբեր գնահատականներով՝ մենք գնում ենք դեպի «ծերացող երկիր» կարգավիճակին»,- ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ իրենց մոնիթորինգի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017-ի օգոստոսից մինչ 2018-ի մարտ ամիսը 26 գործատուների մոտ կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ իրավաչափ փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժներ՝5139 տարվա կեղծված ստաժ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն:
«Խոսքը վերաբերում է ոչ իրավաչափ ստաժներին, չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա գրված ստաժներով կենսաթոշակ նշանակելու դեպքերին: Մեզ դիմող քաղաքացիների համար արխիվ հարցում անելով՝ առանց որևէ գումարի, կարողանում ենք տեղեկատվություն ստանալ: Այս պահին 54.000 գործ կա, որոնք պետք է բացենք, ստաժները նայենք»,- հայտնեց Սահակյանը:
Մեկ այլ խնդիր է նաև կրկնակի կենսաթոշակների դեպքերը: Նա հիշեցրեց, որ 1992-ին ԱՊՀ երկրները սոցիալական ոլորտին վերաբերող համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ԱՊՀ անդամ երկրների և այդ համաձայնագրին միացած երկրների կենսաթոշակառուները կարող են իրենց թոշակը ստանալ անդամ պետությունից: Սրա հետ կապված, ըստ Սահակյանի, ծավալուն աշխատանք է իրականացվում, որպեսզի այս համակարգով ևս բացառեն կրկնակի կենսաթոշակ ստացողների թիվը համակարգում:
«Մեր խնդիրն է պարզել՝ եթե արտերկրում կենսաթոշակ են ստանում, գան հրաժարվեն Հայաստանի թոշակից, ու դրսում ստանան թոշակ: Որևէ խնդիր այստեղ չկա: Մենք չենք արգելում ստանալ այլ երկրից թոշակ, պարզապես ասում ենք, որ շատ բարի, եկեք հրաժարվեք Հայաստանի թոշակից»,- նշեց պաշտոնյան:
Սահակյանը նշեց նաև, որ ոլորտի գերակա խնդիրներից է թոշակ, նպաստ ստանալու էլեկտրոնային եղանակին անցնելը: Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար այսօր հնարավոր է դիմել առցանց ու ստանալ սահմանված գումարը: Ըստ պաշտոնյայի՝այս եղանակով առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար արդեն իսկ 32 000 մարդ է դիմել՝ 52 400-ից: Սահակյանն ասաց, որ առաջիկայում կլինեն նաև այլ ծառայություններ, որոնք կմատուցվեն առցանց: Պաշտոնյան նշեց, որ թվայնացվել են աշխատանքային գրքույկները, արդեն մոտ 100.000 գրքույկներ թվայնացվել են, որպեսզի քաղաքացու կենսաթոշակային տարիքը լրանալուն պես առանց քաշքշուկների հնարավոր լինի նշանակել թոշակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը