21 11 2023

3 ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները բռնի տեղահանված արցախցիները կստանան միանվագ

3 ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները բռնի տեղահանված արցախցիները կստանան միանվագ

Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշսկները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա նշեց, որ հնարավոր կլինի առանց նոր կենսաթոշակի  նշանակման գործընթացների կվերականգնվեն կենսաթոշակներն ու նպաստները։

Դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, որի համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ հասցեի հաշվառում:

Նշենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Փոխնարարան ասաց, որ օրենքի ընդունումից հետո, կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը և դրանց հիման վրա Արցախից  բռնի տեղահանվածները կկարողանան դիմումներ կներկայացնել։

Դ.Խաչատրյանն ասաց, որ դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ դիմում գրելու և կենսաթոշակ ստանալու համար նախ և առաջ պետք է ունենալ Հայաստանի հասեցով հաշվառում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները:

«Չորս օրվա ընթացքում արդեն իսկ ընդունել ենք 63 769 դիմում: Դիմումների ընթացակարգը նույն է՝ մյուս աջակցության ծրագրերի նման: Երկու կարևոր դիտարկում՝ դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, այս դեպքում մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին:

Այս աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու ևս մեկ հնարավորություն է տրված ՝ 75 տարեկան, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին: Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է հնարավորություն բանկի ընտրության: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը և համակարգն ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,- ասել է Զարուհի Մանուչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ