27 10 2023

Արցախցիները հնարավորություն կունենան իրականացնել հաշվառում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում

Արցախցիները հնարավորություն կունենան իրականացնել հաշվառում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում

Առաջիկա օրերին մեր հայրենակիցները հնարավորություն կունենան իրականացնել հաշվառում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից, օրինակ՝ հաշվառել տրանսպորտային միջոցները, ստանալ վարորդական վկայականներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ժամանակավոր կարգավիճակ ստացած անձինք օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որ ունեն փախստականները միջազգային ասպարեզում:

Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարության որոշումը հստակ կանոնակարգել է փաստաթղթավորման հետ կապված բոլոր հարցերը՝ ելնելով այն կանխավարկածից, որ հնարավորինս անխոչընդոտ երաշխավորվի մեր հայրենակիցների՝ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը:

«Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում: Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են, որոնք 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթը ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող փախստականի վկայականն է»,- ասաց նա և հավելեց, որ երկու փաստաթղթերն էլ ներպետական մակարդակում ազատորեն կարող են կիրառվել տարբեր գործարքներ կատարելիս և տարբեր մարմինների հետ հարաբերվելիս:

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը նախատեսում է 3 ամիս հետո ուժի մեջ մտցնել դրույթ առ այն, որ ՀՀ տարածքից դուրս գալիս այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն մեր հայրենակիցների մոտ:

«Ի՞նչ է սա նշանակում: 3 ամիս հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի, դրանից հաշվարկած 3 ամիս հետո մեր հայրենակիցները, եթե ցանկանան լքել ՀՀ սահմանը տարբեր պատճառներով, պետք է օգտագործեն այս երկու փաստաթղթերը միաժամանակ, որպեսզի փաստաթղթերը վավեր համարվեն:

Մինչ այդ նշված պահանջը չի գործում, և սա վերաբերում է բացառապես 3 ամիս հետո ՀՀ սահմանը հատելու հետ կապված հարաբերություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակն անձի համար դրական հետևանքների փունջ է ապահովում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ