17 03 2022

Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի և Արցախի․ «Հայաստան» խմբակցությունը Արցախում է

Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի և Արցախի․ «Հայաստան» խմբակցությունը Արցախում է

Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը:

ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունիօց հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով: 

Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորները նշել են, որ ճանաչողական այցով են Արցախում, եղել են Խրամորթում ու Խնապատում՝ իրենց բարոյական աջակցությունը հայտնելու տեղի բնակչությանը: Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և գործընկերներին հրավիրել է դաշինքի առաջիկա լսումներին, որոնց թեման Արցախի հարցն է:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Այնուհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել վերջին արտաքին քաղաքական զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի լուծման հեռանկարների շուրջ:

Երկուստեք շեշտվել է այն միտքը, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Արցախի կարգավիճակի շուրջ պետք է միակամ հանդես գալ:

Խորհրդարանականները միակարծիք էին պատգամավորական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության հարցում:

Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի պետականության ու Արցախի հարցի լուծման՝ սա էր կարևոր ուղերձը, որի շուրջ ձեռնարկվելիք քայլերը քննարկվեցին հանդիպման ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ