16 03 2022

Մարզպետը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Ներքին Հանդը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է կազմում․ Sputnik Արմենիա

Մարզպետը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Ներքին Հանդը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է կազմում․ Sputnik Արմենիա

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` մեկնաբանելով լուրերը, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել ՀՀ տարածքում ու տեղակայվել է գյուղի խմելու ջրի աղբյուրի մոտ։

«Իրականում այդպես չէ, խմելու ջուրը` ջրագիծը, ճիշտ հակառակ ուղղությամբ է գալիս»,– ասաց մարզպետը` շեշտելով, որ խմելու ջրի ջրագծի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու որևէ վտանգ այս պահին չկա։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատեց ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն 2021թ–ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։

«Վերադարձել են, որպեսզի թարմացումներ կատարեն»,– ասաց Ղուկասյանը։

Հարցին, թե արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում, մարզպետը զերծ մնաց պատասխանելուց։ Սյունիքի մարզպետն անպտասխան թողեց նաև հարցը, թե երբ է ադրբեջանական ԶՈւ–ն ընդհանրապես տեղակայվել գյուղի` ինչպես գյուղացիներն են պնդում` արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ այդ մանրամասներն արդեն փակ քննարկման հարցեր են և գուցե հրապարակման ոչ ենթակա։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցից հետո Սյունիքի մարզպետը շտապեց մարզպետարան, որտեղ նախատեսված է մարզի ու համայնքի ղեկավարության հանդիպում– քննարկումը պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։

Մինչ այդ նրանք այսօր ժամանել էին Ներքին Հանդ` տեղում իրավիճակին ծանոթանալու և գյուղի բնակիչների հետ զրուցելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ