13 05 2024

Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել

Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել

Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։ 

Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։

Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։

Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ