Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։
Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ։
Ինձ մշտապես մտահոգել է կալանքը, որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկան։ Եվ այս դեպքում ևս, ես ամենևին մարդուն պատժելու համար կալանքի կողմնակիցը չեմ։ Բայց անպիտան հրթիռների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չէ որ այստեղ հարցը միայն հափշտակությամբ հասցված նյութական վնասը չէ։ Շատ ավելի կարևոր հարց է, թե ի՞նչ վնաս է հասցվել անպիտան հրթիռների պատճառով 44օրյա պատերազմի ժամանակ։
Եթե հայկական բանակը ստացել է իսկապես անպիտան հրթիռներ, և դրա արդյունքում մենք ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, ապա ինչ կապ ունի վերադարձված գումարը։ Սա փողի խնդիր չէ, սա շատ ավելի ծանր խնդիր է։
Իսկ եթե դա այդպես չէ, և բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա։ Հակառակ դեպքում, երբ պետք է լինում գերզգայուն հանրային ֆոն եք ստեղծում, հետո՝ մոռացության տալիս՝ երբ ձեզ ձեռնտու է։
Մեծ է մտավախությունը, որ այս դեպքում ևս իրավապահները կառաջնորդվեն մեծ աղմուկ՝ զրո հետևանք կարգախոսով։ Այնպես, ինչպես դա արվել է վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։Այս ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվել են բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացել են զուտ աղմուկի մակարդակում։
Օրինակ ՝ բոլորս հիշում ենք, թե ինչ ահռելի աղմուկով սկսվեց երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործը, իսկ հետո «մեծ» լռությամբ մոռացության մատնվեց։ Շատերը չգիտեն, թե ինչ ընթացք ստացավ այն, բայց զգայուն թեման երկուսուկես տարի առաջ իրավապահների կողմից այնպես մատուցվեց, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Եղան կալանքներ, հասարակության մի ստվար հատվածը կայացրեց իր դատավճիռը, իշխանության ներկայացուցիչները ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը։ Իսկ հետո՝ լռություն։
Էմոցիոնալ ապրումներով սկսվեց նաև մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը, մեղադրանքն ու կալանքը։ ՀՔԾ-ն, դատախազությունը, իշխանամետ լրատվամիջոցները, իմքայլական պատգամավորները լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Հետո հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զ. Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատեսն ենք Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե «ձեռնամարտին»։ Դատախազությունում տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշում են, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Իսկ թե վերջին չորս տարիների ընթացքում Մոնումենտի առանձնատները ինչպես էին բոլորը կապում թալանի հետ, նորություն չէր։ Իրավապահների «բլիժնի բոյը» բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերի վառ օրինակն է։
Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, «գլխավոր կոռուպցիոներ» Արամ Հարությունյանի թալանը, Արմեն Ավետիսյանի փողերի լվացումը և «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևանի կենտրոնում ունեցած 250 անշարժ գույքը, Ջոնիկ Աբրահամյանի նկուղում հայտնաբերված «մարտի 1-ի զենքերը», Սահմանադրական Դատարանի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցված քրեական գործերից մեկը՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, ԲՈՒՀ-երի ռեկտորների նկատմամբ հարուցված քրեական գործերը... և ավարտին չհասած բազմաթիվ այլ քրեական գործեր։
Այս բոլոր գործերը ընթացել և ընթանում են արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն։ Արդյունքում՝ իրավապահ համակարգի հետևողական հեղինակազրկում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը