ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Արդեն իսկ առկա է տեղեկատվություն Բաքվի կողմից Հայաստանին բանակցությունների համար ներկայացված 5 հիմնական սկզբունքների վերաբերյալ։
Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախով, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով,
2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,
3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,
4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը,
6. Արդյո՞ք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրում է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը