Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին նշել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից «TV100 Thessaloniki»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերին:
Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` դեսպանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։
Պատասխանելով լրագրողի`Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և նշել, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացրել է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսել գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատել հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը