ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախում գազամատակարարման խափանման խնդրին։ Գրառման մեջ ասվում է․
Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝
1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած.
2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է.
3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը.
4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին:
Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար:
Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ:
Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ:
Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը