03 03 2022

Վարչապետն այդ վիճակում բանակցում է մեր երկրի համար․ Հռիփսիմե Ստամբուլյանն անհանգստացած է. Yerkir.am

Վարչապետն այդ վիճակում բանակցում է մեր երկրի համար․ Հռիփսիմե Ստամբուլյանն անհանգստացած է. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ վիճակը երեկվա հարցուպատասխանի ժամանակ անհանգստացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, որի հարցին ի պատասխան էլ վարչապետը իրեն կորցրեց։

Պատգամավորը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ դա պետք է նաև Հայաստանի քաղաքացիներին իսկապես անհանգստացնի, քանի որ այդ մարդն այդ վիճակում բանակցում է մեր երկրի համար, ի շահ Հայաստանի Հանրապետության։

«Այստեղ հարց է առաջանում՝ նա այդ վիճակով կարո՞ղ է  ի շահ մեր երկրի որևէ բանակցություն վարել։ Ես շատ խիստ կասկածում եմ»,-ասաց նա։

Հռիփսիմե Ստամբուլյանը նշեց, որ այդ ամեն ինչից նեղվելու հետևանքով էլ Ալիևը բավականին կոշտ արձագանքներ է տալիս Փաշինյանին

«Թող մի օր այդ նույն տոնով Ալիևին հակադարձի։ Թե՞ ուժը պատում է միայն մոտենալ ամբիոնին, երբ իր անվտանգության աշխատողները դռան հետևում կանգնած են և սկսի վրդովված ինչ-որ թեզեր ասել»,-ասաց պատգամավորը։

Հռիփսիմե Ստամբուլյանը մնում է համոզման, որ Փաշինյանն է Արցախի 70 տոկոսը հանձնել Ադրբեջանին, և պատասխանատու է երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակի համար։

«Հողերը հանձնվել է իր կողմից․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ո՞վ է ստորագրել՝ Ռուբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, ո՞վ է ստորագրել։ Եթե ստորագրել է ինքը, կապիտուլյացիայի ենթարկել է ինքը, ապա այդ բնորոշումներից ինչպես էլ ինքը խուսանավի, միևնույն է, դա փաստ է, և միևնույն է, մենք մի ամբողջ սերունդ ենք կորցրել։ Այս պատերազմը շատ աղետալի եղավ մեր հայրենիքի համար, և հիմա որքան էլ որ ինքը բղավի, փորձի արդարանալ, որ ինքը չէ՝ նախկիններն են, միևնույն է, պատմության մեջ հստակ թվերով գրվում է՝ ով ինչ է արել»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նա նաև արձանագրեց, որ վարչապետը հարցուպատասխանի ժամանակ իր հարցին ընդհանրապես չպատասխանեց։

«Ինքն իրեն բնորոշ ձևով կիրառեց իր քաղաքական կապիտալը․ «նախկինները», «նախկինները» թեզերով ինքը եկել է իշխանության և ամեն կերպ փորձում է այդ նույն թեզերով իշխանությունը պահել։ Բայց ես երեկ որոշեցի, որ իր այդ թեզերն ընդհանրապես չեմ մեկնաբանելու՝ ինքն իրեն ինչ խոսեց, խոսեց և փորձեցի շարունակել այն հարցերը, ինչի համար որ դիմել էի, այն հարցերը, որոնք ՀՀ քաղաքացուն անհանգստացնում են․ իսկապես մենք այսօր լրջագույն մարտահրավերների առջև ենք կանգնած՝ գնաճը սարսափելի է, աշխատավարձներն ու թոշակները ոչ մի կերպ չեն բարձրանում, ընդդիմության բերած բոլոր օրինագծերը մերժվում են, և ՀՀ քաղաքացին ապրելու լրջագույն խնդիր ունի։ Արտագաղթի տեմպերը սարսափելի բարձր են․ ի՞նչ ենք անում, տեղ ենք բացում այլ քաղաքացիների՞ համար մեր երկրում, որպեսզի մեր հայրենակիցները գնան, որ այս մի փոքր Հայաստանի՞ց էլ բան չմնա։ Ի՞նչն է մեր նպատակը»,-ասաց պատգամավորը։

Նա նաև փաստեց, որ իր հարցն ուղղված էր ոչ թե վարչապետին, այլ համապատասխան գերատեսչությանը, որից հստակ պատասխան էր ակնկալում՝ միգուցե կառավարությունում իսկապես մեխանիզմներ մշակո՞ւմ են հացահատիկի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Հռիփսիմե Ստամբուլյանի եզրակացությունը մեկն է․ նեղվեն, չնեղվեն, բղավեն, չբղավեն, ինչ էլ որ անեն՝ փաստ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է իրենց կողմից, հացահատիկի դաշտերը մնացել են թշնամու մոտ և Ռուսաստանից մեր ներմուծումը հացահատիկի մասով բավականին բարձրացել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ