28 02 2022

Այսօր կկռվեն, վաղը իրար կսիրեն. Թուրք-իշխանական սիլիբիլու տակ նստած, մեր լացը թողած՝ ռուս ու ուկրաինացի ենք բաժանում. Panorama.am

Այսօր կկռվեն, վաղը իրար կսիրեն. Թուրք-իշխանական սիլիբիլու տակ նստած, մեր լացը թողած՝ ռուս ու ուկրաինացի ենք բաժանում. Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության հետ ֆիլմերի գովազդները դարձել են՝ ուկրաինացիներ, դուրս եկեք փողոց, պատերազմի դեմ բողոքելու... ճիշտ է, զուգահեռ գնում է՝ շտապեք կրիպտովալյուտա ձեռք բերել... բայց դա ոչինչ։ Ինչ է սա՝ մտածված պիառ քա՞յլ ռուսալեզուների ուշադրությունը պատերազմի վրա սևեռելու համար, թե նախագահ Զելենսկին այնքան բախտախնդիր է, որ մարդկանց հանում է փողոցներ, հավանաբար, նրանց հետևում թաքնվելու համար։

Աշխարհը խելռել է։

Զելենսկին սոցգովազդով քաղաքացներին անզեն հանում է փողոց, հուսալով, հավանաբար, որ Պուտինը չի կրակի նրանց վրա, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն։ Ավելին՝ զենք է բաժանում։ Ըստ լուրերի, որոնք գիտեք, արծրունհովհաննիսյանի ոգով են և Ուկրաինայի, և Ռուսաստանի կողմից, այդ զենքով, խուճապի մեջ, քաղաքացիականները կրակել են իրենց ուկրաինացի զինվորների վրա։

Պուտինը դիմում է ուկրաինացի զինվորականներին, թե՝ գրավեք իշխանությունը, ազատեք երկիրը Զելենսկուց ու արմատական ազգայնականներից։

Այլ խոսքով՝ քաղաքացիական պատերազմ է հրահրում Ուկրաինայում, ինչին նպաստում է նաև Զելենսկու զենք բաժանելը։ Այո, քանի որ ամեն զենք չէ, որ ուղղվում է թնամու դեմ. տեսած կլինեք փաշինյանյան անվտանգության աշխատողների՝ քաղաքացիներին ուղղված հրազենի փողը և փողոցում, և մեքենայի պատուհանից։

Ինչևէ՝ Ուկրաինա-Ռուսաստան, ազգամիավորիչ ասեմ, թե սլավոնամիջյան ասեմ, թե ազատագրական ասեմ, թե հերթական բեմական ասեմ,... պատերազմը շարունակվում է, անցնենք հայաստանյան ոչ պակաս դառը իրականություն։

Մինչ հանրությունը կրկին բաժանված Ուկրանիա կամ ռուս է պաշտպանում, մեջբերում սիրուն-թևավոր խոսքեր, բարձր անեծքներ, հիհիկներ ու արցունքաքամ լինող մռութիկներ դնում լուրերի տակ, նիկոլյան իշխանական ներկայացուցիչները թուրքական ներկայացուցիչների հետ գաղտնի-հայտնի հանդիպում են, սիլի-բիլիներ անում, երևի՝ քաղաքական, բայց միակողմանի։

Իսկ Փաշինյանը ընտանիքով շրջում է Հայաստանում, ծղոտե հյուսվածքներ անում, ժպիտներ նվիրում վարչական միավորներին։ Ինչու՞։ Չգիտեմ։

Երկու անգամ գրեցի՝ քանի ձեզ մոտ է, մի հատ Խրամորթի մասին պատմեք, մի հատ պատմեք... Լռություն։

Ուկրաինային «հիմա հասկացա՞ր պատերազմը» ասողները հիշեցնում են Ուկրաինա-Ադրբեջան դաշինքն ու ընկերությունը, Ռուսաստան են գովում ու «բալետ անում»։ Ռուսաստանին ինչու եք գովում, Պուտինը մինչ պատերազմ սկսելը հանդիպեց Ալիևի հետ, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, սահմանները, հայտարարագիր ստորագրեց այս մասին, իբր դրանով կասեցնելով Թուրքիայի օժանդակությունը Ուկրաինային, բայց փաստացի ևս մեկ անգամ փուռը տվեց Հայաստանին։

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ մնալու, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերը խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա...

22 փետրվարի, 2022 թ.»։

Եթե չհասկացաք՝ մի հատ էլ կարդացեք։ Եթե չեք ուզում հասկանալ, ոչինչ, չիմացյալ մահն էլ է մահ։

Թուրքիան ժամանակ առ ժամանակ խորհուրդ է հրավիրում Ուկրաինայի հարցերով, Ռուսաստանին հիշեցնում է իր մասին։

Ռուսաստանն ինչ, մենք պիտի չմոռանանք։ Թուրք-իշխանական սիլիբիլու տակ նստած, մեր լացը թողած՝ ռուս ու ուկրաինացի ենք բաժանում։

Նրանք, ինչպես Պուտինն էր ասում, իսկ Զելենսկին չէր լսում, ի վերջո մի ազգ են։ Այսօր կկռվեն, վաղը իրար կսիրեն։ Չսիրեն էլ՝ նրանցից ամեն մեկը իր ունեցած հողի վրա դողում է, ձրի բաժանող չեն։ Ու չգիտեմ՝ Ռուսաստանը իր լայն փեշերի տակ կմցնի Ուկրաինային էլ, թե՝ չէ, բայց  հույս ունեմ, որ՝ չէ։ Այլապես դա կնշանակի, որ մեզ ոչ միայն փուռն է տվել, այլև ուղիղ թրքի փուռն է տվել։

Ի դեպ՝ եթե լսում եք, լսեք Պուտինին։ Նա ինչ տարօրինակ բան էլ ասի, մեզ համար ինչ աննպաստ բան էլ ասի, ի վերջո անում է. «մանկան շուրթերով»»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ