Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նաև հավելել է, որ ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է, կայանի անձնակազմը շարունակում է նորմալ ռեժիմով սպասարկել իր օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը։
«Ռուս դեսանտայինների և ԱԷԿ-ի անվտանգության գումարտակի ուկրաինացի զինծառայողների համատեղ գործողությունները կայանի պաշտպանության համար երաշխիք են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար»,- ընդգծել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը