Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է ՊՆ փոխնախարարի պաշտոնը, անհարմար չի զգում, որ իր պաշտոնավարման օրոք Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված աղմկահարույց քրգործը ջրվել է։ Ավելին՝ նախկին փոխոստիկանապետը 1 մլն դոլարի յուրացման մեղադրանքով հարուցած քրգործի հիմքերն այսօր էլ համարում է ամուր և չի գտնում, որ 3 տարի քննված քրգործը փուչիկ էր և այդ «խայտառակ ձախողումը» ոստիկանությունում կարվել էր քաղաքական հրահանգներով: «Ես այդ ժամանակ կատարել եմ ոստիկանապետի իմ պարտականությունները կատարել եմ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ և գերօբյետիվ ճշգրտությամբ»,- Yerevan.Today-ին արձագանքում է Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ 1 միլիոն դոլարի յուրացման հիմքով հարուցված քրգործն ամենաազդեցիկ ու աղմկահարույցներից էր, և ահա 3 տարի անց այն «ջրվեց» ամբողջությամբ: Իսկ այս գործում զավեշտն այն է, որ Քննչական կոմիտեն իր իսկ ձեռքով փուչիկ համարեց այս քրգործը՝ մեղադրանքը ամբողջությամբ հերքող ՔԿ-ի փորձագիտական եզրակացությամբ:
Ընդգծենք, այս գործի շրջանակներում մինչ օրս կալանքի տակ է Հայրապետյանների գույքը, ազատազրկված է եղել գործով անցնող՝ Հայրապետյանին պատկանող կահույքի արտադրամասի աշխատակիցներից մեկը, իսկ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի խոսքով` ոստիկանության արձագանքին են սպասում, փոխհատուցում են պահանջելու ՀՖՖ նախկին նախագահի բարի համբավն արատավորելու համար։ «Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար։ Սա փաստում է այն մասին, որ Հայրապետյանի դեմ սկսված արշավը քաղաքական է։ Մենք փոխհատուցում ենք պահանջելու»,– ասել էր փաստաբան Ամրամ Մակինայնը՝ ընդգծելով, որ փորձագիտական եզրակացությամբ հիմնավորված՝ Հայրապետյանին ՀՖՖ կողմից առկա 84 մլն դրամի պարտքը ևս ստանալու են դատարանով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը