Օրերս ԳՇ պետը հարցիս ի պատասխան ասաց, որ ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանին գեներալի կոչում շնորհելն իր առաջարկն է եղել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին:
«Հաստիքացանկում ծառայության պետի պաշտոնը բարձրագույն սպայական կազմի պաշտոնների մեջ է մտցվել։ Օրերս հարցում եմ արել վարչապետի աշխատակազմ, պատասխանել են, որ մինչեւ մայիսի 27-ը ներառյալ դեռ 2020 թվականի նոյեմբերին հաստատված հաստիքացանկում փոփոխություն չի եղել, որով ռազմատեղագրական ծառայության պետի պաշտոնը համարվել է գեներալական բարձրագույն սպայական պաշտոն։ Կարո՞ղ եք պարզաբանել, այդ դեպքում ո՞նց է, որ գեներալական կոչում է տրվում մի ծառայության պետի, որի պաշտոնը բարձրագույն սպայական պաշտոնների թվին չի պատկանում»,- նշեց նա։
Արման Սարգսյանը պատասխանեց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող լինել ոչ իրավաչափ գործընթաց։ Ձեր նշած պայմաններում անհնար է որևէ մեկին շնորհել բարձրագույն զինվորական կոչում։ Հնարավոր չէ գնդապետի համար նախատեսվածի պարագայում շնորհել գեներալի կոչում»։
Ի պատասխան Մանուկյանը հավելեց․ «Դուք ասում եք՝ չի կարող լինել, բայց ես ունեմ պաշտոնական գրություն վարչապետի աշխատակազմից: Գլխավոր շտաբի պետն արդարացրեց, որ առաջիկա 10 տարիներին սահմանագծման հարցը շատ կարեւոր է, դրա համար ինքն առաջարկել է գեներալի պաշտոն։ Գեներալի պաշտոնը տալիս են համաձայն կանոնակարգերի, օրենքների, կառավարության որոշումների, ոչ թե ճաշակով, վերջին պահին։ Նախագահի հրամանագիրը՝ մյուսներին գեներալի կոչում տալու, եղել է մայիսի 24-ին, իսկ մայիսի 28-ի առավոտյան՝ վերջին պահին նոր հրապարակվում է նախագահի հրամանագիրը՝ ռազմատեղագրական ծառայության պետին գեներալի կոչում շնորհելու մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը