Հայաստանի կառավարությունը պետք է երկու կարևոր քայլ կատարի նախքան Թուրքիայի հետ սահմանը բացելը. 1) արգելել Թուրքիայի քաղաքացիներին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. 2) սահմանել մաքսատուրքեր Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են գույք գնել Հայաստանում առանց հատելու Հայաստանի սահմանը։ Սակայն ընդհանուր ցամաքային սահմանի բացման դեպքում ավելի շատ թուրքեր կկարողանան գալ Հայաստան՝ դրանով իսկ ավելացնելով մարդկանց և ապրանքների հոսքը Թուրքիայից։
Թուրքիայի նման թշնամական երկրի քաղաքացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու թույլտվությունը ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, հատկապես, եթե այդ գույքը գտնվում է խոցելի սահմանամերձ տարածքներում:
Մեծ հակասություն կա նրանում, թե ինչ են նախատեսում Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ և ինչպես են դրանք կիրառվում իրականում։ Այժմ, երբ ստեղծվել է Սահմանադրական հանձնաժողով գործող Սահմանադրության բարեփոխումների համար (վերջին անգամ այն փոփոխվել է 2015 թվականին), ճիշտ ժամանակն է վերանայել գործող դրույթները, թե ովքեր կարող են սեփականություն ձեռք բերել Հայաստանում: Պետք է արգելվի օտարերկրացիների կողմից Հայաստանի սահմանի մոտ սեփականության ձեռքբերումը։ Բացի այդ, չպետք է թույլ տրվի Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներին որևէ անշարժ գույք ձեռք բերել որևէ տեղ Հայաստանում։
Այս խնդիրը հատկապես հրատապ է, քանի որ մի քանի տարի առաջ Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց, որն արգելում էր Թուրքիայում գույքի ձեռքբերումը չորս երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի քաղաքացիների կողմից։ Եվս 35 երկրների քաղաքացիներ սահմանափակված են Թուրքիայում գույք ձեռք բերելու՝ ելնելով հողի բնույթից և գտնվելու վայրից: Գուցե մտածեք՝ քանի որ թուրքական կառավարությունն արգելել է հայ քաղաքացիներին հող գնել Թուրքիայում, Հայաստանը պետք է փոխադարձի՝ արգելելով Թուրքիայի քաղաքացիների կողմից հողի ձեռք բերումը Հայաստանում։
2012 թվականին ես մի հոդված գրեցի՝ հայ պաշտոնյաներին տեղեկացնելով թուրքական օրենքի մասին, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին հող գնել Թուրքիայում և կոչ արեցի «Հայաստանի խորհրդարանին դիտարկել փոխադարձ միջոցների ընդունումն ընդդեմ Թուրքիայի քաղաքացիների, որոնք հետաքրքրված են հայկական գույք ձեռք բերելով»։ Ցավոք, իմ առաջարկն անտեսվեց:
1995 թվականի Սահմանադրությունն արգելում էր օտարերկրացիներին հող գնել Հայաստանում։ Սակայն դրան հակասում էր Հայաստանի կառավարության հետագա զեկույցը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը. «օտարերկրացիներն իրավունք ունեն լինել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույքի սեփականատեր»: Զեկույցում նշվում էր նաև, որ «[Հայաստանի] օրենսդրությունը կառավարությանը լիազորություն է տալիս սահմանափակելու և արգելելու օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»:
1995 թվականի Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի հաջորդ՝ 2005 և 2015 թվականների Սահմանադրություններում նաև նշված է, որ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։
Եթե օտարերկրացիներին թույլ չի տրվում Հայաստանում հող կամ անշարժ գույք ձեռք բերել, ապա ինչպե՞ս են կարողացել դրանք գնել։ Միայն 2019 թվականին օտարերկրացիները, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, ձեռք են բերել 186 բնակարան, 72 տուն, երկու գործարան, 9 հասարակական նշանակության շինություն և նույնիսկ 121 հողատարածք։ Ինչպե՞ս էր դա հնարավոր:
Առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամի պետությունների քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են գնում առանց որևէ առարկության։ Անցած շաբաթ Հայաստանի կառավարության կադաստրի կամ անշարժ գույքի պաշտոնական ռեգիստրի հրապարակած թվերի համաձայն՝ 2010-ից 2021 թվականներին Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում գնել են վեց անշարժ գույք, որոնք ներառում են հինգ բնակարան և մեկ հասարակական նշանակության գույք։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում գնել են 71 անշարժ գույք, այդ թվում՝ 55 բնակարան, հինգ բնակելի տուն, մեկ ավտոտնակ, յոթ հասարակական նշանակության գույք և երեք հողատարածք։
Ենթադրում եմ, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած Թուրքիայի քաղաքացիներից շատերը ծագումով հայ են։ Ես առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը` հայկական ծագում ունեցողների համար բացառություն անել, եթե և երբ արգելվի Թուրքիայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը։
Ի վերջո, ինչ վերաբերում է Թուրքիայից և այլ երկրներից ապրանքների ներմուծմանը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներքին արտադրության կենսունակությունը պաշտպանելու համար։ Քանի որ Թուրքիան շատ մեծ բնակչություն ունի, այն կարող է շատ ավելի էժան ապրանքներ արտադրել՝ մեծ մասշտաբի պատճառով։ Հայ արտադրողները, չկարողանալով մրցակցել նրանց հետ, կսնանկանան։ Հայկական շուկան արդեն ողողված է թուրքական ապրանքներով։ Սահմանի բացումից հետո թուրքական ապրանքների համար այլևս ստիպված չեն լինի հավելյալ ծախսեր կատարել Վրաստանի տարածքով բերելու համար, ինչը նշանակում է, որ դրանք էլ ավելի են էժանանալու, որը մեծ խնդիր կստեղծի տեղական արտադրողների համար։ Իրավիճակն ավելի է վատթարանում, քանի որ թուրքական լիրայի արժեքի անկումը հանգեցրել է Թուրքիայից ներկրվող ապրանքների գների իջեցմանը:
Նախքան Հայաստանի տնտեսության որոշ հատվածների ամբողջությամբ կործանումը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներկրվող թուրքական ապրանքների վրա՝ Հայաստանի խոցելի արտադրողներին պաշտպանելու համար։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը