22 02 2022

Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանինն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանինն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանինն է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը` ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը:

Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը`  ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը, որով Ռուսաստանը փաստացի կանխեց մարդկության պատմության մեջ հերթական գենոցիդի իրականացման փորձը` ողբերգական իրադարձություն, որը հայի հավաքական գիտակցության մեջ ամրագրված է 1915 թվականի դաժան եղելությամբ, 20-րդ դարավերջին Բաքվի ու Սումգայիթի արյունահեղություններով: Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացման ճանաչմամբ Հայաստանի իշխանությունն ները ևս մեկ փաստարկ կունենան Արցախի ինքնորոշման իրավունքի հիմնախնդրի լուծմանը գործում:

Որևէ մեկը չպիտի մոռանա, որ առնվազն վերջին երեք հարյուր տարում Ռուսաստանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմական, քաղաքական բնական դաշնակիցը, առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի գոյաբանական հարցերում:  Սա ևս մեկ անգամ հաստատվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անձնական ջանքերով կանխվեց Արցախի վերջնական գրավումն ու հայաթափումը, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից շատ ավելի լայն ծավալներով ներխուժումը` հանգեցնելով լիարժեք կապիտուլյացիայի:

Մենք բարոյապես պարտավորված ենք կանգնելու Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին, ու սա բնավ էլ ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների հակառուսական, ազգայնական քաղաքականության արդյունքում:

Պատահական չէ, որ Ուկրաինայի շահերը պաշտպանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող Թուրքիան, նրա մերձավոր արբանյակ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանը թուլացնելու, կազմաքանդելու նպատակն են հետապնդում:

Հետաքրքիր նմանություն կա Ուկրաինայի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև, քանի որ առանց ազգային շահը, իրենց քաղաքացիների գերակշիռ մասի կարծիքը հաշվի առնելու, երկուսն էլ վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն: Սա ազգակործան, երկրակործան քայլ է, որին բոլոր հնարավոր միջոցներով դիմակայելու ենք նաև մենք` ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաներս:

Ռուսաստանը ևս պետք է զգուշավորություն դրսևորի Թուրքիայի հետ հարաբերություններում, մշտապես հաշվի առնի, որ թուրանական գաղափարի իրագործումը գերազանցապես կառուցված է ռուսական ազդեցության երկրների ու բուն ռուսական տարածքների նվաճման հեռանկարով:

Նկատի ունենալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի, Սիրիայում ու Հայաստանում ռուս օդաչուների սպանությունների փաստերը` առանձնակի զգուշավորություն պետք է դրսևորել, եթե Էրդողանի հրավերով կայանա Պուտինի այցը Թուրքիա, քանի որ Ռուսաստանի թշնամիների համար կարող է գործել «Չկա մարդ, չկա պրոբլեմ» մոտեցումը:

Այսպիսով ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և   որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ