21 02 2022

Կարո՞ղ է մի հատ էլ ՔՊ-ն հայտարարության նախագիծ բերի, որով ուղղակի կսատարի Շուշիի հռչակագիրը. Աննա Գրիգորյան



Զարմանալի է, թե ինչպիսի հանդարտությամբ և հանգստությամբ այսօր իշխանական խմբակցությունն ասում է, որ այս պահին մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ և չենք ուզում դատապարտել թուրքական և ադրբեջանական տանդեմի կողմից հնչեցվող նման սպառնալիքները. սա ուղղակի զավեշտ է: Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում արտաքին հարաբերությունների անցկացրած նիստին, որի ժամանակ իշխանական խմբակցությունը կողմ չքվեարկեց Շուշիի հռչակագրի վերաբերյալ դատապարտող հայտարարությանը:

«Ըստ էության, սա ոչ թե ջայլամային քաղաքականություն է, որ դա մենք չենք նկատում, այնտեղ ոչինչ չենք տեսնում, որովհետև միայն կույրը չի կարող չտեսնել այդ սպառնալիքները, այլ ուղղակի ասում են՝ դե, մենք պարտված ենք և այդպես պարտված էլ մնալու ենք ու փորձում են մեր ժողովրդին էլ այդ հոգեբանության մեջ գցել, մինչդեռ ակնհայտ է, որ դա չի ստացվելու:

Երբեմն իշխող քաղաքական ուժի տարբեր քայլեր, երբ վերլուծում ես, քեզ հարց ես տալիս՝ սա դիտավորությո՞ւն էր, թե՞ չեն հասկանում ինչ են անում, կոնկրետ այս օրինակը ցույց է տալիս, որ առավել քան գիտակցում են, թե ինչ են անում: Եթե դու հստակ տեսնում ես, թե Շուշիի հռչակագրում ինչպիսի կետեր կան և գալիս ասում ես՝ մենք չենք պատրաստվում դրան դեմ խոսել, նշանակում է, որ դու ընդունում ես այդ հռչակագիրը և համահունչ սինխրոն աշխատում ես Ալիևի և Էրդողանի հետ: Բանագնացների սպասվելիք հանդիպումից առաջ չեն ընդունում այս հայտարարությունը, և փաստորեն մեր ներկայացուցիչը գնալու է բանակցելու թուրք ներակյացուցչի հետ՝ առանց դատապարտելու այդ սպառնալիքները»:

Աննա Գրիգորյանը նաև ընդգծեց. «Այսօր երկու ադրբեջանցի պատգամավորներ Եվրանեսթի շրջանակներում եկել են Հայաստան, և սա յուրահատուկ նվեր էր Հայաստան ժամանած ադրբեջանցիներին, երբ Հայաստանի Հանրապետության ամենամեծ խմբակցությունն ասում է, որ չի դատապարտում այդ հայտարարությունը»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ