18 02 2022

Երևանում անցկացնում ենք Եվրանեսթի նիստեր և օրակարգում չկա մի կետ, որ վերաբերի ՀՀ-ին․ Սոս Հակոբյան



Առաջին անգամ չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային տարբեր հարթակներում հանդիպում են, այդ թվում նաև Բաքվում ու Երևանում: Սակայն այս մեկը էականորեն տարբերվելու է նախորդներից, քանի որ առաջին անգամ է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական պատվիրակություն է ժամանելու Հայաստան: Ասուլիսում  ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Երևանում մոտ օրերս կայանալիք հանձնաժողովների և պլենար նիստերի օրակարգը ամենայն հավանականությամբ հաստատվել է անցած տարվա ապրիլին։ Նայելով օրակարգին՝ տեսնում ենք, որ նախորդ գումարման պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավարը, ըստ էության չեն կարողացել գտնել, պեղել, հասնել այն բանին, որ Հայաստանի համար նպաստավոր որևէ հարց ընդգրկվի Եվրանեսթի օրակարգում: Եվրոպայի քիչ երկրներ կգտնվեն, որոնք այսօր անվտանգային և մարդասիրական այնքան խնդիրներ ունենան, որքան Հայաստանը: Բայց մենք Երևանում անցկացնում ենք Եվրանեսթի հանձնաժողովների նիստեր և չունենք որևէ մեկ կետ, որը մեր մասին է կամ առնչվում է մեր խնդիրներին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց  կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ