17 02 2022

Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգեւորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան․ News.am

Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգեւորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ Հոգեւոր անձի առաջադրումը նախագահի պաշտոնում Սահմանադրության տեսակետից որեւէ խնդրի չի կարող հանգեցնել, քանի որ այստեղ հոգեւորականը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ որպես եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառանով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնի համար լավագույն թեկնածուն կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը։

Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ դառնալու համար Սահմանդրությունը պահանջում է լինել 40 տարին լրացած, անկուսակցական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կառաջնորդվի համապետական շահերով։ Հոգեւորականի առաջադրման համար Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում։

«Այդպիսի տեսակետներ հնչեցին, թե Խղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքում ասվում է, որ եկեղեցին չի կատարում որեւէ պետական ֆունկցիա եւ արգելվում է, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը, քանի որ եկեղեցին եւ պետական կառավարումն անջատ են միմյանցից։  Այստեղ փորձ է արվում նույնացնել մեծ հեղինակություն ունեցող հոգեւորականին եկեղեցու հետ, ինչ աբսուրդ է, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք անձի մասին, ոչ թե այն մասին, որ պետական կառավարումն իր վրա է  վերցնում եկեղեցին»,- ասաց Վարդեւանյանը։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նույնիսկ եթե մարդկանց մոտ նախագահի պաշտոնին առաջադրված հոգեւորականը եւ եկեղեցին կարող են ասոցացվել, որեւէ վատ հետեւանք չի լինի՝ հաշվի առնելով եկեղեցու անգնահատելի դերը հայոց պատմության ընթացքում։

«Սրբազանն ունի արդեն իսկ այնպիսի հեղինակություն եւ կարողություն, որը կարող է միավորել իշխանությունների կողմից բաժանված սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակությունը ։ Ասոցացումը եկեղեցու հետ նույնը չէ, ինչ ասոցացումը ՀԱԿ-ի հետ, որի անդամակցությունն էլ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, դադարեցվում է»։

Վարդեւանյանը միջազգային փորձում օրինակ բերեց Կիպրոսին եւ Նորվեգիային՝ ընդգծելով, որ այս երկրներում հոգեւորականները զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ,  եւ կվայելի համընդհանուր հարգանք։

«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ