168.am-ը գրում է․
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին՝ ընդգծելով, որ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստին հրավիրելու են պատերազմի ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց, հանձնաժողովի աշխատանքներում կներգրավեն նաև զոհված տղաների ծնողների։
168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ներկայացնել պատերազմի ժամանակ իր տեսածը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ չգնալու դեպքում իր անձի շուրջ տարաբնույթ կարծիքներ կձևավորվեն, որ խուսափում է, և այլն, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց.
«Ես դրանից վատ չեմ զգում, թող տարբեր կարծիքներ ձևավորվեն։ Ես առհասարակ այդ հանձնաժողովի ձևավորման իմաստը չեմ հասկանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը