ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:
2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրել է Փաշինյանի՝ արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում, հետևաբար, վերջինս ՀՀ կառավարության անունից առարկություններ չի ներկայացրել ՝ թողնելով, որ ՄԻԵԴ-ը միայն Փաշինյանի միակողմանի փաստարկների հիման վրա որոշում կայացնի։ Հենց այս պատճառով է, որ մասնագիտական հանրության շրջանում ՄԻԵԴ վճիռը մեկնաբանվել է որպես «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով կայացված վճիռ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը