14 02 2022

Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը «Շուշիի հռչակագրի» հարցի վերաբերյալ․ Zham.am

Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը «Շուշիի հռչակագրի» հարցի վերաբերյալ․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրեցին անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»: Համաձայն այդ փաստաթղթի,  երկու երկրները,  փաստացի, կնքում են ռազմական դաշինք և նրանցից  «որևէ մեկի դեմ ագրեսիայի պարագայում, մյուս կողմը պարտավոր է ռազմական օգնություն տրամադրել»: Այլ կերպ ասած, Բաքուն և Անկարան կնքեցին այնպիսի պայմանագիր, որն ունի, օրինակ, Հայաստանը Ռուսաստանի հետ:

Իսկ դա նշանակում է, եթե սրանից հետո բռնկվի նոր պատերազմ, ասենք  Արցախի շուրջ, ապա Թուրքիան, արդեն ոչ թե քողարկված ձևով, այլ պաշտոնապես կարող է մտնել այդ պատերազմի մեջ Ադրբեջանի օգտին: Բաքվում և Անկարայում նույնիսկ չեն էլ թաքցնում, որ 3,5 տարի անց այս պայմանագիրը կստիպի, որ ռուսական զորքը դուրս գա Արցախից:

Հակառակ դեպքում ռուսական զորքը կարող է հակամարտության մեջ մտնել ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական բանակի հետ:

Բացի այդ, Բաքվում չեն էլ թաքցնում, որ Արցախի հարցը լուծելուց հետո հերթը հասնելու է Սյունիքի խնդրի լուծմանը: Պարզապես Բաքվում կարծում են, որ այս խնդիրները պիտի լուծվեն, «փուլային» տարբերակով: Հասկանալի է, որ «Շուշիի հռչակագիրը» խուլ դժկամությամբ է ընդունվել Թեհրանում: Այս հռչակագրի բովանդակությանը անդրադարձել են նաև ռուսական փորձագիտական շրջանակները: Այստեղ պարզապես կարծում են, որ Մոսկվան այսօր զբաղված է ուկրաինական հարցով և այդ իսկ պատճառով չի ուզում ատամներ ցույց տալ Անկարային: Սակայն այդ խնդրի լուծումից հետո Մոսկվան նույնպես կսկսի «զբաղվել» այդ խնդրով, քանզի առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռազմական դաշինք է կնքում Ռուսաստանին սահմանակից ԱՊՀ անդամ երկրի հետ: Օրինակ, Մոլդովան հրաժարվեց կնքել նմանատիպ պայմանագիր ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ, չնայած նրան, որ մոլդովացիներն ու ռումինացիները նույնպես խոսում են նույն լեզվով և ունեն միասնական էթնիկ հիմք: Ավելին, Մոլդովան չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ և պատմականորեն իր տարածքի մեծ մասը միշտ ինտեգրված է եղել  Ռումինիայի հետ: Մինչդեռ Ադրբեջանը պատմականորեն երբեք ոչ մի կապ չի ունեցել Օսմանյան կայսրության հետ, և այսօրվա Թուրքիան իր պատմության մեջ, փաստացի, առաջին անգամ է հայտ ներկայացնում ազդեցության տարածք ունենալ Հարավային Կովկասում: Այդ տեսանկյունից  այս հռչակագիրը ուղղված էր և  Ռուսաստանի, և Իրանի դեմ, որոնք, ի տարբերություն Թուրքիայի, միշտ ունեցել են պատմական կապեր մեր տարածաշրջանի հետ: Սակայն  այդ «հռչակագրի» ամենաառաջին թիրախը Արցախն ու Հայաստանն են: Քանզի տեսականորեն ամենահավանական պատերազմական գործողությունները կարող են բռնկվել հենց արցախյան թատերաբեմում:

Այդ իսկ պատճառով հենց Հայաստանը պետք է իր մտահոգությունը ցույց տար այդ «հռչակագրի» վավերացման առիթով: Ի դեպ, անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ն հենց այդպիսի գնահատականով հանդես եկավ: Սակայն, նշենք, որ կադրային փոփոխություններից հետո, պարզ չէ թե ինչ կարծիքի է ներկայիս ԱԳՆ-ն: Բացի այդ, քանի որ այդ «հռչակագիրն» արդեն վավերացրել են Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները, ապա անհրաժեշտ է, որ այդ խնդրին անդրդադառնա նաև Հայաստանի ԱԺ-ն:

Եվ ահա օրերս, «Հայաստան» դաշինքը հանդես եկավ նման առաջարկով, որի հեղինակն ու զեկուցողն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է:

Կընդունի՞ ընդդիմության առաջարկը Փաշինյանի թիմը՝ դրանով կերևա, թե ինչքանով է անկեղծ իշխանությունը, երբ երկոխոսության մեջ է մտել Թուրքիայի հետ:

Սա յուրօրինակ «լակմուսի թուղթ է» իշխանության մտածելակերպի, իրենց հետագա սպասվելիք գործողությունների համար: Այս հարցում չպետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի թեմա: Իսկ եթե իշխանությունը մերժի ընդդիմության առաջարկը, ապա կստացվի, որ բոլոր այն կասկածները, որոնք ներկայացվում են իշխանության հասցեին հայ-թուրքակական երկխոսության շուրջ՝ մոտ է ճշմարտությանը:

Սա է իրականությունը»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ